Enerex

Էլեկտրաէներգետիկական շուկան

2018 թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխությունները հնարավորություն տվեցին էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկա մուտք գործել մրցակցային մասնակիցներին։

Շուկայի կանոնները, մասնավորապես ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի (ԷՄՇ) առևտրային կանոնները, որոնք ուժի մեջ են մտել 2022 թ․ փետրվարի 1-ից, հստակ կարգավորում են լիցենզիա ունեցող անձի գործողությունները, իսկ հստակ հաստատված խաղի կանոնները թույլ են տալիս սպառողի տեսանկյունից ունենալ վստահելի և կանխատեսելի միջավայր։

Համաձայն ԷՄՇ կանոնների՝ վերջիններիս նպատակներ են՝

  1. ապահովել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի աստիճանական ազատականացումը՝ սահմանելով էլեկտրաէներգիայի առևտրի ճկուն մեխանիզմներ,
  2. նպաստել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի մրցունակությանը և ներդրումային միջավայրի բարելավմանը,
  3. խթանել միջպետական առևտուրը։

էՄՇ-ն հիմնված է հետևյալ սկզբունքների վրա՝

  1. էլեկտրական էներգիայի առևտրի իրականացում ԷՄՇ տարբեր հատվածներում,
  2. ԷՄՇ-ի չկարգավորվող հատվածներում տնտեսական մրցակցության պայմանների ապահովում,
  3. ԷՄՇ մասնակցի կողմից ԷՄՇ կանոններով և գործարքներով սահմանված պարտավորությունների խախտման, ինչպես նաև անհաշվեկշռույթների համար պատասխանատվության մեխանիզմների կիրառում,
  4. տարածաշրջանային էլեկտրահամակարգերի հետ էլեկտրական էներգիայի ներկրման, արտահանման, տարանցման, փոխհոսքի համար թափանցիկ ու ոչ խտրական պայմանների սահմանում,
  5. էլեկտրական էներգիայի արտահանում միայն ներքին սպառման պահանջարկի բավարարումից հետո,
  6. ԷՄՇ առևտրի մասնակցի կողմից Համակարգի օպերատորին և Շուկայի օպերատորին ներկայացված տեղեկատվության հավաստիություն և հասանելիություն,
  7. Մինչև 30 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ ռեսուրսների (արեգակնային, հողմային, երկրաջերմային և կենսազանգվածի) կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության խրախուսում,
  8. ԷՄՇ-ում Հաղորդման և Բաշխման ցանցերին ոչ խտրական մուտքի իրավունքի ապահովում։